Ես չեմ ներում ինձ ստելը,
Ինձ «խոնարհաբար» ատելը,
Ազգս, կյանքս, հայրենիքս,
Ընկերներիս մասնատելը:
Ես չեմ ներում պարտությունը,
Թուրքի հետ նույն հարթությունը,
Ձեր նախանձը, ձեր չար լեզուն
ՈՒ դատարկ հպարտությունը:
Ես չեմ ներում ուրացումը,
Արժեքներիս վերացումը,
Տանս, դպրոցիս ու վանքիս
Սահմանազատ թրքացումը:
Ես չեմ ներում հողիս գողին,
Փողը հերոս հռչակողին,
Ջահել, պայծառ ջահելներիս
Կյանքը ամեն օր լափողին:
Ես չեմ ներում վախկոտ «քաջին»,
Բերձորս սարքողին Լաչին,
Եկեղեցուս հազարամյա
ՈՒ Աստծուս դեմ վայրահաչին:
Ես չեմ ների արցունքների
Գետ դարձած լացը մայրերի:
Թեկուզ հազար անգամ ծնվեմ
Միևնույն է ձեզ չեմ ների:
Ռուբեն ՄԽԻԹԱՐՅԱՆ